Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը հանրապետության միջին մասնագիտական երաժշտական կրթության ոլորտի առաջատար հաստատություններից մեկն է: Այն հիմնադրվել է 1967 թ.-ի հոկտեմբերի 1-ին: 1986 թ.-ից Քոլեջն արժանիորեն կրում է 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի ականավոր ներկայացուցիչներից մեկի`Առնո Բաբաջանյանի անունը: Այս 55 տարիների ընթացքում Քոլեջը երաժշտական միջին մասնագիտական կրթություն է տվել շուրջ 6000 պատանիների:
Հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ Քոլեջը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»:
Շրջանավարտներից լավագույններն արդի հայ երաժշտարվեստի անվանի գործիչներ են`ՀՀ ժողովրդական ու վաստակավոր արտիստներ, միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիրներ, արվեստի վաստակավոր գործիչներ և շքանշանակիրներ՝ դասական երգեցողության աստղեր Գեղամ Գրիգորյան, Էմմա Պապիկյան,
դաշնակահարներ Աշոտ Խաչատրյան, Ջուլիետա Վարդանյան, ջութակահարներ Աննա Հարությունյան, Լուսինե Աղաբաբյան, կոմպոզիտորներ Աշոտ Բաբայան, Ստեփան Բաբաթորոսյան, դիրիժոր Ռուբեն Ասատրյան, ինչպես նաև էստրադային երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններ, դուդուկահարներ Կամո Սեյրանյան, Մկրտիչ Կարապետյան, ազգային երգի սիրված վարպետներ Պապին Պողոսյան, Սուսաննա Սաֆարյան, Մանիկ Գրիգորյան և այլք:
Քոլեջի ուսանողներն այսօր էլ ներկայանում են միջազգային ու հանրապետական տարբեր փառատոներում և մրցույթներում՝ արժանանալով մրցանակների, ելույթներ են ունենում մայրաքաղաքի լավագույն համերգասրահներում, հանդես են գալիս բարեգործական համերգներով:
Այսօր Քոլեջում գործում են երաժշտական տարբեր համույթներ`կամերային նվագախումբ, փողային նվագախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ և ուսանողական երգչախումբ:
1996 թ.-ից ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժտամանկավարժական քոլեջի ջանքերով վեց անգամ կազմակերպվել և անցկացվել է «Առնո Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների հանրապետական մրցույթ»:
Այնուհետև՝ 2011 թ.-ից, նույն հիմնադիրների նախաձեռնությամբ, անց է կացվել Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային վեց մրցույթ-փառատոն: Մրցույթ-փառատոնի դափնեկիրներից երեքը`Արուս Աճեմյանը, Լիլիթ Գրիգորյանն ու Ժորա Սարգսյանը, արժանացել են ՀՀ նախագահի «Երիտասարդական մրցանակի», շատերն արդեն ունեն միջազգային հեղինակավոր մրցույթների դափնիներ և ծավալում են ակտիվ համերգային գործունեություն՝ Մարտին Շահբազյան, Անդրեյ Կուրբետ, Սանդրո Գեգեչկորի և շատ ուրիշներ:
Հանրապետական վեց և առաջին միջազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի պատվավոր նախագահն էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը:
Ժյուրիի կազմում ընդգրկվել են անվանի երաժիշտներ Լատվիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Իսրայելից ու Հայաստանից:![](/portals/0/IMG_20220720_142751_1.jpg)
Միջազգային վեց մրցույթ-փառատոներին մասնակցել են շուրջ 600 պատանիներ և երիտասարդներ՝ 12 երկրից (Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրալիա, Վրաստան, Ղազախստան, Իրան, Սիրիա, ԱՄՆ և Չինաստան):
2021 թ.-ին լրացավ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Այդ կապակցությամբ Առնո Բաբաջանյանի անունը կրող քոլեջը տարին հայտարարեց բաբաջանյանական՝ բոլոր միջոցառումները՝ համերգներ, կոնֆերանսներ, մրցույթներ, նվիրելով կոմպոզիտորի հոբելյանին: Հոբելյանական միջոցառումների գագաթնակետը հանդիսացավ Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը:
Այս տարի հունիսի 24-ից հուլիսի 1-ը Երևանում կկայանա Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը, որը ընդլայնելով սահմանները անցկացվելու է առկա և առցանց ձևաչափերով: