Առնո Բաբաջանյան
(1921-1983)
Այսօր տիեզերքում փայլատակում է մի աստղ, որը կրում է կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի անունը:
Առնո Բաբաջանյանի երաժշտությունը շրջում էր աշխարհով դեռևս իր կենդանության օրոք: Նրա ստեղծագործությունները հնչում էին ոչ միայն ԽՍՀՄ երկրներում, այլև Անգլիայում, ԱՄՆ-ում, Չեխոսլովակիայում և շատ այլ երկրներում, անգամ հեռավոր Աֆրիկայում: Հայ ժողովրդի արժանավոր զավակի երաժշտությունը դարձել էր յուրօրինակ «դեսպան» ժողովուրդների և ազգերի միջև: Այն արդիական է և այսօր:
Խորապես ազգային է շնորհաշատ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի արվեստը: Ինչպես խոստովանել է ինքը՝ կոմպոզիտորը. «Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի»: Եվ իսկապես, իր երաժշտությանը բնորոշ է ազգային և դասական արվեստի ավանդույթների ներդաշնակ համադրումը:
Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բարձր գաղափարախոսությունը, հարուստ կերպարային աշխարհը, երաժշտական լեզվի դինամիկ հագեցվածությունը, 20-րդ դարի ոճական միտումների և սկզբունքների կիրառումը, ինչպես նաև երաժշտական լեզվի վառ արտահայտված ազգային հենքը արժեքավոր են դարձրել նրա երկերը ոչ միայն հայ ազգային, այլև համաշխարհային երաժշտական մշակույթի համար:
Նրա մանկությունն ու պատանեկությունն անբաժանելիորեն կապված էին Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ: Վառ արտահայտված երաժշտական ընդունակությունները, երաժշտասեր ընտանեկան միջավայրը, երիտասարդ Արամ Խաչատրյանի հետ հանդիպումը որոշիչ դեր խաղացին Ա. Բաբաջանյանի ապագա մասնագիտության ընտրության գործում:
Երաժշտական առաջին քայլերն ապագա կոմպոզիտորը կատարել է Երևանում՝ նախ երաժշտական դպրոցում, անուհետև Երևանի պետական կոնսերվատորիայում (Եվ. Խոսրովյան՝ դաշնամուր, Վ. Տալյան՝ կոմպոզիցիա), այնուհետև սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան ուսումնարանում, այնուհետ՝ կոնսերվատորիայում՝ դաշնամուրի բաժնում (Կ. Իգումնովի մասնագիտական դասարան): Միաժամանակ հաճախել է նաև կոմպոզիցիայի կատարելագործման դասընթացների Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը (Հ. Լիտինսկու, Ն. Պեյկոյի և Դ. Ռոգալ-Լևիցկու մոտ):
Կոմպոզիտորի հետագա կյանքն ու գործունեությունն ընթանում են երկու քաղաքներում՝ Երևանում և Մոսկվայում: 1950-ականների վերջից, հիմնականում բնակվելով Մոսկվայում, նա ամեն տարի մի քանի ամիս պարտադիր անցկացնում էր Երևանում:
Տարիներ անց նա կատակում էր. «Ապրում եմ Երևանում, բայց բնակվում՝ Մոսկվայում»:
Վիրտուոզ դաշնակահարի և ստեղծագործողի մասնագիտությունները հավասար տրվեցին նրան: «Լավ է, որ Առնոն ի վերջո զբաղվեց ստեղծագործությամբ, հակառակ դեպքում մեզ՝ կատարողներիս, սպասում էր դաժան պարտություն…» ,- կատակում էր խորհրդային անվանի դաշնակահար էմիլ Գիլելսը:
Ա. Բաբաջանյանի երաժշտական ժառանգության մեջ խոշոր կտավի ստեղծագործությունները շատ են. «Պոլիֆոնիկ սոնատը», դաշնամուրի և նվագախմբի համար մոնումենտալ «Հերոսական բալլադը», Դաշնամուրային տրիոն, Ջութակի և դաշնամուրի համար սոնատը, Թավջութակի կոնցերտը, Դ. Շոստակովիչի հիշատակին նվիրված Երրորդ լարային կվարտետը, «Վեց պատկեր» դաշնամուրային շարքը:
Պատմությանը քիչ են հայտնի դեպքեր, երբ լուրջ արվեստը մեկտեղվել է թեթև, կենցաղայինի հետ և վերջինս բարձրացել է՝ ստանալով բովանդակային խորություն:
Ապշեցնում է Բաբաջանյանի ստեղծագործության բազմազանությունը: Իր արվեստում զուգորդվում են երաժշտության տարբեր ժանրեր՝ դասական, էստրադային, երաժշտություն կինոյի և թատրոնի համար: